«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն նշեց հիմնադրման 20-ամյակը
Սույն թվականի նոյեմբերի 25-ին «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերությունը նշեց հիմնադրման 20-ամյակը, որին ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՀ ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինեն, էներգետիկ ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվիրակություն հարևան Վրաստանից։ Բացման խոսքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախ շնորհավորել է ընկերությանը 20-ամյակի կապակցությամբ` մաղթելով արգասաբեր աշխատանք։
«Վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումները մեծապես ազդել են ընկերության գործունեության վրա, մասնավորապես, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված, ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը, որը բավականին բարդ, պատասխանատու և լարված աշխատանք է պահանջում։ Այս պատասխանատու գործունեության վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է, որը հիմնված կլինի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի և առաջարկի հավասարակշռման միջոցով և կսահմանի առևտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները»,-ընդգծել է նախագահը։
«2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը նոր էջ է բացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի համար և այս առումով շուկայում նոր՝ կարևոր դեր է հատկացվել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին, որը հանդես է գալիս որպես Շուկայի օպերատոր։ Արդեն իսկ կատարված աշխատանքը, շարունակական տեխնիկական և տեխնոլոգիական վերազինումները հնարավորություն են ընձեռում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին լավագույնս իրականացնել իր պարտականությունները»,-իր շնորհավորական խոսքում ասել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հոբելյանական միջոցառմանը մասնակցելու համար` նշելով, որ ստեղծման օրվանից ի վեր «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ իր արհեստավարժ մասնագետներով առանցքային տեղ է զբաղեցրել հայկական էներգահամակարգում` արժանանալով տեղի և միջազգային գործընկերների հարգանքին ու վստահությանը․«Այսօր մենք նշում ենք Ընկերության 20-ամյակը և հոբելյանական այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս, «Հաշվարկային կենտրոն»-ի ստեղծման և կայացման մեջ իրենց ներդրումն ունեցող բոլոր նվիրյալներին՝ ապագայում մաղթելով բեղմնավոր գործունեություն»,-ընդգծել է Մեսրոպյանը։ «Հաշվարկային կենտրոն»-ին շնորհավորել է նաև ՀՀ ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը՝ նկատելով, որ Էներգետիկ շուկայի բարեփոխման արդյունքը լինելու է երկրի էներգետիկ ապահովությունը, ինչն իր հերթին կարող է զարկ տալ տնտեսության զարգացմանը:
Ողջունի խոսքերից հետո Շուկայի կառավարման ծրագրի (ՇԿԾ) ադմինիստրատոր, գլխավոր մասնագետ Գոհար Հարությունյանը ներկայացրել է շնորհանդես, որում արտացոլվել է Շուկայի ներկա վիճակն ու առաջիկա զարգացման հեռանկարները։ Միջոցառման ավարտին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալագրեր է հանձնել էներգետիկ ոլորտի գործընկերներին, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ին՝ էներգետիկ շուկայի ազատականացման գործում մշտական աջակցության համար։
Նորություններ
Էներգետիկ շուկայի ազատականացման արդյունքներն ու դժվարությունները: Լուրերի անդրադարձը
Հոկտեմբեր 11, 2024Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է ԵԱՏՄ 3-րդ համաժողովին
Հոկտեմբեր 16, 2024