Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրները կահավորված են ժամանակակից միկրոպրոցեսորային, բարձր ճշտության (0,2S) հաշվիչներով, որոնց առանձնահատկություններից է (բացի բարձր ճշտությամբ չափումների ապահովումը), ոչ միայն գրանցել ու պահել չափումների արդյունքները, այլ նաև գրանցել բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հաշվիչի աշխատանքի ընթացքում:
Ընդհանուր առմամբ հայկական էներգահամակարգի Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայում Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում ներառված են շուրջ 1525 հաշվառման համալիրներ։
Բոլոր հաշվիչները ինտեգրված են միասնական համակարգում՝ «էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգում» (ԷՀԱՀ)։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների վրա հիմնված համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատ ռեժիմում, հեռահաղորդակցության սարքերի միջոցով հաշվիչներից ստանալ գրանցված տվյալները, մշակել դրանք և արտածել տարբեր հաշվետվությունների տեսքով:
Տվյալները հաշվիչներում պահվում են էներգաանկախ հիշողությունում: Այսինքն՝ նույնիսկ երկարաժամկետ անջատումից (մի քանի տարի) հետո միացնելիս հաշվիչից կարելի է ստանալ գրանցված բոլոր տվյալները: Տվյալների փոխանցումը իրականացվում է հատուկ, փակ, կոդավորված պրոտոկոլի միջոցով, որի ապակոդավորումը գործնականորեն հնարավոր չէ:
«Էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգը» ունի բարձր պաշտպանվածության աստիճան և թափանցիկ է: Համակարգը բազմաթիվ օգտագործողներին միևնույն ժամանակ միացման և մոնիտորինգի հնարավորություն է տալիս։ Բացի դրանից բոլոր կայաններում և 220կՎ ենթակայաններում, ինչպես նաև կասկադների և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնաճյուղերի և գլխամասային գրասենյակներում տեղադրված են սերվերներ, որտեղ հնարավոր է տեսնել տվյալ օբյեկտի, մասնաճյուղի և ընկերության բոլոր հաշվիչների գրանցած էլեկտրաէներգիան 30 րոպեանոց ինտերվալներով:
Հաշվառման համակարգի շահագործումն սկսելուց ի վեր կատարվում է համակարգում ընդգրկված օբյեկտներում հաշվառման համալիրներից ստացված տվյալների և հաշվեկշիռների վերլուծություն: Կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայում կորուստները սկսեցին անշեղորեն նվազել։
Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի հաշվառման բոլոր կետերի տվյալները, որոնք պահվում են տվյալների բազայում, պարբերաբար արխիվացվում և պահվում են արտաքին կրիչների վրա և հնարավորություն տալիս վերականգնել տվյալները ցանկացած ժամանակահատվածի համար` սկսած «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ ստեղծման օրվանից: