Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածը կատարելագործման և կարգավորման նոր գործիքների ներդրման կարիք ունի, քանի որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառվում է 2004 թվականից: Զարգացած և զարգացող մի շարք երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են։ Հայաստանը ևս սկսել է այս գործընթացը և առաջիկա տարիներին անցում կկատարի շուկայի նոր ազատականացված մոդելի, որը դեռևս կլինի սահմանափակ մրցակցության համար, սակայն հստակ ուղենիշ կունենա դեպի ամբողջական ազատականացում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման ընթացքը և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այսպիսով՝ հետագա մարտահրավերներին դիմակայելու և նոր հնարավորություններն օգտագործելու նպատակով մշակվել էր Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների Հայեցակարգը, որը հաստատվել էր Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 18-ի №289Լ որոշմամբ։
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների Հայեցակարգը մշակվել էր Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ (Շուկայի օպերատոր) կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և RTI կազմակերպության կողմից իրականացվող «Ցածր արտանետումներով ռազմավարություն և մաքուր էներգիայի զարգացում Եվրոպայում և Եվրասիայում» (EC-LEDS) ծրագրի խորհրդատուների աջակցությամբ: Հայաստանում EC-LEDS ծրագրի նպատակն էր աջակցել էներգետիկայի ազգային ռազմավարության իրագործմանը, էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումներին, ինչպես նաև Վրաստանի հետ միջպետական առևտրի խթանմանը: Այն ներառում էր նաև անհրաժեշտ աշխատանքերն՝ ուղղված Հայաստանի էներգետիկայի ոլորտի օրենսդրության և էլեկտրաէներգետիկական համակարգի ստանդարտների ներդաշնակեցմանը Վրաստանի հետ՝ համահունչ Եվրամիության օրենսդրական կարգավորումների պահանջներին:
Այս համատեքստում հարկ է նշել, որ ЕC-LEDS ծրագրի աջակցությամբ մշակվել էր Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման գործողությունների ծրագիրը, որը հենվում էր «Տարբերությունների վերլուծություն (GAP)», «Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները», «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» և «Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրողների համար առաջարկվող սակագների կառուցվածք» հաշվետվությունների վրա:
Հայեցակարգի նպատակը կարգավորման գործիքների կատարելագործման միջոցով Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայում նոր մեխանիզմների ներդրումն էր՝ շուկայի աստիճանական ազատականացման, ինչպես նաև հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի բոլոր հնարավորությունների օգտագործումը:
Հայեցակարգը հենվում էր համաշխարհային լավագույն փորձի վրա և միտված էր Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայում դրա ողջամիտ կիրառմանը՝ առաջին հերթին հիմնարար համարելով ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությանը, արտադրության և սպառման շուկաներում պատասխանատվության գործիքների ներդրմանը, սակագների կառուցվածքի բարելավմանը, նոր և էներգախնայող տեխնոլոգիաների կառուցման նպատակով ներդրումների խթանմանը և կարգավորման շրջանակների աստիճանական սահմանափակմանը:
Հայեցակարգի նպատակն էր սահմանել առաջարկվող շուկայի նոր կառուցվածքի հիմնական բաղադրիչները անցումային ժամանակահատվածի համար, որոնք կապահովեն մրցունակ շուկային աստիճանաբար անցումը, ինչպես շուկայի մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում՝ հնարավորություն ընձեռելով նաև սպառողներին մատակարարի ընտրության հարցում։
Այսպիսով, Հայեցակարգը ամփոփում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների՝ անցումային ժամանակահատվածի համար առաջարկվող մոտեցումները, ինչը պետք է հիմք հանդիսանար հետագա կարգավորող ենթաօրենսդրական ակտերի մշակման ու համապատասխան գործիքների ներդրման համար։
Ներկայումս Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը արդեն իսկ սկսված է և այժմ ընթանում են ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները։
Շուկայի նոր մոդելին անցումը կիրականացվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ երկարաժամկետ թիրախում ունենալով շուկայի լիարժեք ազատականացումը։ Շուկայի նոր մոդելն այս փուլում կհենվի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի և առաջարկի հավասարակշռման միջոցով և կսահմանի առևտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները։
Ըստ ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի № 48-Լ որոշման, ՀՀ Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների գործողությունների ծրագրերի՝ Շուկայի օպերատորն իրականացնելու է հետևյալ գործողությունները, բայց չսահմանափակվելով․
1. մասնակցելու է շուկայի պայմաններում գործելու փորձի ձեռքբերման, հնարավոր բացթողումների հայտնաբերման և շտկման գործընթացներին,
2. մասնակցելու է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցման գործընթացին,
3. ըստ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի №460Ն որոշման՝ ԷՄՇ կանոնների
3.1 իրականացնելու է ԷՄՇ մասնակիցների ՇԿԾ մուտքի, դրանից դուրս գալու հետ կապված գործառույթներ,
3.2 իրականացնելու է ԷՄՇ առևտրի մասնակցին հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի տրամադրման և փոփոխման, ինչպես նաև Որակավորված սպառողի կարգավիճակի տրամադրման հետ կապված գործառույթներ,
3.3 շահագործելու և սպասարկելու է ՇԿԾ-ն,
3.4 ապահովելու է ԷՄՇ մասնակցի կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության պահպանումը,
3.5 ՇԿԾ-ում ամրագրելու է ԷՄՇ մասնակցի՝ էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու և ծառայություններ ստանալու առավելագույն թույլատրելի սահմանաչափը,
3.6 գործելով որպես բենեֆիցիար՝ երաշխիք տված բանկին ներկայացնելու է երաշխիքով դրամական գումար վճարելու մասին գրավոր պահանջ՝ նշելով այն բանկի հաշվի համարը, որին ենթակա է փոխանցման դրամական գումարը,
3.7 բանկային երաշխիքը վերադարձնելու է երաշխիք տված բանկին՝ նշելով երաշխիքով իր իրավունքներից հրաժարման մասին,
3.8 ՇԿԾ-ի միջոցով գրանցելու է ԷՄՇ մասնակիցների Հայտերը և հաշվառում է Գործարքները,
3.9 ՇԿԾ-ի միջոցով կազմակերպելու է ՕԱՇ-ի բնականոն աշխատանքը, այդ թվում ՕԱՇ քլիրինգը,
3.10 ՇԿԾ-ի միջոցով հաշվառելու է ԷՄՇ առևտրի մասնակիցների կողմից գնված և վաճառված էլեկտրական էներգիայի քանակը,
3.11 ՇԿԾ-ի միջոցով իրականացնելու է ՀԱՇ-ում առաջացած անհաշվեկշռույթների հաշվարկներ,
3.12 ՇԿԾ-ի միջոցով, բացառությամբ Ուղիղ պայմանագրերի շուկայի չկարգավորվող բաղադրիչում (այսուհետ՝ ՉՈՒՊ բաղադրիչ), կնքված Գործարքների համար կազմելու է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, ինչպես նաև ԷՄՇ-ում մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտեր և ներկայացնելու է ԷՄՇ մասնակիցների հաստատմանը,
3.13 համակարգելու է Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի իրականացման գործընթացը,
3.14 կազմակերպելու է ԷՄՇ-ում Առևտրային հաշվառումը,
3.15 իրականացնելու է ԷՄՇ-ի արդյունավետ և բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ գործառույթներ։