«ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունը որպես ինքնուրույն միավոր ստեղծվել է 2002 թվականին ՀՀ Կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1663-Ն համաձայն:
Ընկերության ստեղծման նպատակն է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային մատուցել հաշվարկային կենտրոնի ծառայություններ։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի համաձայն Ընկերությանը վերապահված է Հայաստանի ողջ տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային հաշվառումն իրականացնելու, ինչպես նաև հաշվառված էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտերը կազմելու և պայմանագրային կողմերին ներկայացնելու բացառիկ իրավունք ու պարտավորություններ, որոնք չեն կրկնվում որևէ այլ կառույցում։
Ընկերությունը հագեցված է հանրապետությունում նմանատիպը չունեցող էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ժամանակակից համակարգով բոլոր մակարդակներում՝ արտադրություն, տեղափոխում և բաշխում, ինչպես նաև, համապատասխան ծրագրային ապահովմամբ։
2016թ․ հուլիսի 29-ին ՀՀ Կառավարությունը թիվ 29 արձանագրային որոշմամբ հաստատել է «Գործողությունների ծրագիր - ժամանակացույց Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին»։
ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը և միջպետական առևտրի խթանմանն ուղղված գործողությունների իրականացման համար 2017թ. մայիսի 17-ի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիվ 164Ա որոշմամբ Ընկերության լիցենզիայում կատարվել է փոփոխություն՝ «շուկայի հաշվարկային ծառայությունը» փոխարինվել է «շուկայի օպերատորի ծառայություն» բառերով և սահմանվել են լիցենզիայի նորացված պայմաններ։
2022թ․ փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործարկվել է ազատականացված Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան և Հաշվարկային կենտրոնը հանդիսանում է Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատոր։
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ էներգետիկայի մասին» օրենքի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմանների, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀԾԿՀ կողմից ընդունված որոշումների և նորմատիվ ակտերի, ինչպես նաև ՀՀ օրենքների և օրենսդրական ակտերի: